Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ սենատորներ Միշել Ամիելը և Սոֆի Ժուասենը, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլլեն Մուրիեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հոդված են հրապարակել «Ղարաբաղյան հակամարտությունը կշարունակեն Ադրբեջանում քաղաքական ուժերը ճնշման տակ պահելու համար» վերնագրով։
Հոդվածում նշվում է, որ ավելի քան 21 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 12-ին, ստորագրվել էր խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո կողմերի միջև հակամարտության վերջնական կարգավորման մասին այլևս ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել։ Տարեցտարի շփման գծում աճում է լարվածությունը, հաճախակի են դարձել հարձակումների և և դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքերը։ Վերջերս ադրբեջանցի զինվորականները սպանել էին Տավուշի մարզի 60-ամյա մի բնակչի։ Այսինքն՝ դա տեղի էր ունեցել Հայաստանի տարածքում, որը վիճելի տարածք չի հանդիսանում։ Դա կարող էր լինել մեզնից՝ Հայաստան հաճախ այցելող ֆրանսիացի քաղաքական գործիչներիցս որևէ մեկը։
Հոդվածի հեղինակները կոչ են անում ագրեսորին և զոհին մեկ հարթակի վրա չդնել։ Երկար ժամանակ համանախագահները հեռու էին մնում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու կողմին մատնանշելուց։ Նրանք միանման վերաբերմունք էին ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ՝ անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Վերջին տվյալները վկայում են, որ միջնորդները փոխում են իրենց վերաբերմունքը։
Արդեն 24 տարի է՝ Լեռնային Ղարաբաղը առանց արտաքին օգնության փորձում է ամրապնդել խորհրդարանական ժողովրդավարությունը, ինքնակառավարման մարմինները, ընտրություններ է անցկացնում, իսկ քաղաքական կյանքին մասնակցում են նրա բոլոր քաղաքացիները։ Մեկ խոսքով, հանրապետությունը փորձում է իրավական պետություն կառուցել։
Սակայն եթե պատերազմական իրավիճակը աղետալի է Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար, ապա այն անհրաժեշտ է Բաքվի վարչակազմի համար։ Այդ պետության իշխանությունը ճաղերի հետևում է պահում բոլոր անցանկալի անձանց։ Դրանք լրագրողներ են, մարդու իրավունքների պաշտպաններ, այլախոհներ։
Ադրբեջանում ազատ լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից անհետանում են։ Ամեն փետրվար Բաքուն առավելագույն ջանքեր է գործադրում 1988թ. Սումգայիթում հայոց ջարդերը մոռացության մատնելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Twitter-ի իր էջում հայերի հանդեպ ատելություն է քարոզում և բացահայտ ռազմատենչ հայտարարություններ անում, նշում թե «իր հիմնական թշնամին աշխարհի բոլոր հայերն են», շատ լավ գիտի, որ նման հայտարարություններն անհրաժեշտ են սեփական ժողովրդի ուշադրությունը իշխանությունը չարաշահելու փաստից շեղելու համար։
«Ուստի մենք այժմ առավել, քան երբևէ, պետք է օժանդակենք փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը և հենց այդ պատճառով մենք ցանկանում ենք նրա միջազգային ճանաչումը։ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակեր Ալիևին հասկացնել, որ Արևմուտքը տեսնում է հակամարտության լուծումը ձգձգելու նրա խաղը»,- եզրափակում են հեղինակները։