Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2017 թվականին հնարավոր է Հայաստանին վերաբերող ցուցահանդես կազմակերպվի, հայտնում է Արմենպրես գործակալությունը:
Այս օրերին մեր երկրում են թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության ներկայացուցիչներն, ովքեր քննարկում են հնարավոր ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:
Մարտի 1-ին «Մետրոպոլիտան» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը և նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, շրջել մշակութային օջախի տարածքով, դիտել են առկա ցուցանմուշները:
Շրջայցիցհետո «Մետրոպոլիտան» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերիվվարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ամեն ինչ շատ հոյակապ էր, սակայն իրենք հատկապես հետաքրքրված են միջնադարյան Հայաստանով: «Մեր թանգարանում ընդունված է, որ ցուցահանդեսները 3-5 տարի առաջ են քննարկվում, և դառնում որոշակի: Պետք է ասել, որ վերջին տարիներին հայկական արվեստը ներկայացվել է մի շարք ցուցահանդեսներում: Հայկական նմուշները երեք տարբեր ցուցադրությունների մաս են կազմել»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշել է Հելեն Էվանսը: Նա հույս է հայտնել, որ 2017-ին «Մետրոպոլիտան»-ում կանցկացվի Հայաստանին վերաբերող ցուցահանդես: