Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կստեղծվի Մեծ Եղեռնի Հիշողության կենտրոն:
Նախաձեռնությունը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբինն է` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ: «Ֆրանսուա Օլանդն այս ծրագրի մղիչ ուժն է: Նա ցանկանում է, որ այս նախաձեռնությունն իրականություն դառնա: Երբ համայնքի անդամները 2012թ. հանդիպեցին Ֆրանսիայի նախագահին, այս հարցը նույնպես քննարկվեց, եւ նա հաստատեց ծրագիրը:
Այս տարիների ընթացքում նա միշտ հետաքրքրվում է, թե ծրագիրը որ փուլում է: Նա հանձնարարել է Փարիզի քաղաքապետարանին աջակցել եւ տարածք տրամադրել այս կենտրոնի համար: Փաստորեն, պետության ուժերը մեկտեղված են, որպեսզի այս կենտրոնի ծրագիրը կյանքի կոչվի», «Արմենպրես»ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի հանձախմբի անդամ Մուրադ Փափազյանը` հավելելով, որ այժմ կողմերը համապատասխան կառույց են փնտրում: Պայմանավորվածության համաձայն` Փարիզի քաղաքապետարանը շենք է տրամադրելու հայ համայնքին` կենտրոնի բացման համար, սակայն կառույցը պատկանելու է ոչ թե համայնքին, այլ քաղաքապետարանին: Մուրադ Փափազյանը շեշտում է, որ Հիշողության կենտրոնի նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ իրականություն կդառնա աշնանը: Հիշողության կենտրոնում կգործեն ցուցասրահ, աշխատասենյակներ, որտեղ ուսանողները կկարողանան ուսումնասիրություններ կատարել, նաեւ դահլիճ, որտեղ կանցկացվեն կոնֆրենասներ, դասախոսություններ, հանդիպումներ Հայ դատի հանձնախմբի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թեպետ հիշողության կենտրոնը նվիրված է լինելու Հայոց ցեղապանությանը, սակայն նախատեսվում է, որ միջոցառումներ եւ դասախոսություններ կանցկացվեն մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների մասին ևս: