Կահույքի և տան պարագաներ արտադրող շվեդական IKEA ընկերությունը, որն իր տեսակի մեջ աշխարհի խոշորագույն ընկերություններից է, շուտով վաճառքի կհանի կահույքի իր նոր տեսականին, որի օգնությամբ հնարավոր կլինի առանց լարի լիցքավորել բջջային հեռախոսները: Իր նոր արտադրանքը ընկերությունը ներկայացրել է Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress կոնֆերանսի ժամանակ:
IKEA-ի հավաքածուի մեջ ներառված են ճաշասեղաններ, գրասեղաններ, լամպեր և մահճակալի կողքին դրվող տումբաներ: Դրանց մակերևույթին փոքրիկ կլոր հատված է առանձնացված՝ մեջտեղում խաչաձև նշանով: Բավարար է միայն այդ հատվածում տեղադրել սմարթֆոնը, և այն առանց որևէ լարի օգնության կլիցքավորվի:
Լիցքավորումը կատարվում է մագնիսային ինդուկցիայի և մեծ տարածում ունեցող QI ստանդարտի սկզբունքով: Առայժմ կահույքի միջոցով հնարավոր է լիցքավորել միայն Samsung, Microsoft и HTC սարքավորումները:
Ընկերությունից հայտնում են, որ արտադրանքը հասանելի կլինի արդեն 2015 թվականի ապրիլի կեսերից: