ԱՄՆ-ի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի 60 անդամներ մարտի 1-ին Լոս Անջելեսի կենտրոնում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ցույցին: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ցույցի նպատակն էր բարձրացնել այս ոճրագործության մասին ամերիկյան հասարակության իրազեկվածությունը։ «Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` այն բավարար չափով լուսաբանված չի, ինչի համար էլ մենք հիմա այստեղ ենք և փորձում ենք բարձրացնել քաղաքի ակտիվ շրջանակների իրազեկվածությունը»,-նշել է Հայկական Երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Րաֆֆի Սենեկերեմյանը:
Նշենք, որ ԱՀՖ անդամներին են միացել նաև «Լեյքերս»-ի խաղին հետևող հազարավոր մարդիկ, ովքեր կրել են Armenian Genocide գրառումով շապիկներ:
Ցույցից հետո Հայկական Երիտասարդական ֆեդերացիայի անդամները շրջել են Լոս Անջելեսի փողոցներով և մարդկանց բաժանել Հայոց ցեղասպանության մասին պատմող բազմալեզու բրոշյուրներ:
Նշենք, որ Հայկական Երիտասարդական ֆեդերացիան հունվարի 14-ին սկսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Գործողությունների 100 օր» նախաձեռնությունը, որի շրջանակներում էլ հենց կազմակերպվել էր այս ցույցը:
«Գործողությունների 100 օր» նախաձեռնության շրջանակներում ամեն օր` մինչև ապրիլի 24-ը, նախատեսվում են տարբեր միջացառումների, ակցիաների, ցույցերի կրթական ծրագրերի, քաղաքական լոբբիի իրականացում: Նախաձեռնությունն ավարտվելու է ապրիլի 24-ին Լիթլ Արմենիա թաղամասից դեպի Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսություն Արդարության երթով: