Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը մտադիր է մարտի 21-ին Թբիլիսիի կենտրոնում անցկացնել բողոքի ակցիա` պահանջելով կառավարության հրաժարականը:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պահանջում է կառավարության հրաժարականը, քանի որ հավատացած է, որ այն ի վիճակի չէ կանգնեցնել ազգային արժույթի` լարիի արժեզրկումը:
«Կառավարությունը չունի հստակ ծրագիր, այն արդեն չի լսում ժողովրդին: Այդ իսկ պատճառով մենք, որպես ընդդիմադիր ուժ, պարտավոր ենք այնպես անել, որ կառավարությունը լսի այդ ձայնը»,-ասվում է ընդդիմության տարածած հայտարարության մեջ:
Ամերիկյան դոլարի նկատմամբ վրացական լարիի կուրսը սկսել է անկում ապրել անցյալ տարվա նոյեմբերի 20-ից: Այժմ այն կազմում է 2.1654 լարի մեկ դոլարի դիմաց: Իսկ մինչ այս ամերիկյան մեկ դոլարի դիմաց վրացական ազգային արժույթի կուրսը պահպանվում էր 1.74-1.76 լարիի սահմաններում:
Հիշեցնենք, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախորդ լայնածավալ ակցիան տեղի է ունեցել 2014թ նոյեմբերի 15-ին: Այս ակցիայի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի և Աբխազիայի կողմից միասնական զինված ուժեր ստեղծելու ծրագրերին: