Մի քանի օր առաջ աշխարհը ցնցվեց համացանցում հայտնված տեսագրություններից, որտեղ իսլամական ծայրայեղականները ջարդուփշուր էին անում Մոսուլի թանգարանի պատմական արժեքավոր արձանները, որոնք մարդկային քաղաքակրթության առաջին օրերից մեզ հասած իրեր էին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտեց թանգարանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները՝ հայտարարելով, որ «ցնցված է՝ դիտելով տեսագրությունը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ին հովանավորող միջազգային ամենամեծ կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը և նրա Անվտանգության Խորհուրդը, սակայն, ոչինչ չձեռնարկեցին, մինչդեռ համացանցում հայտնված տեսագրություններից երևում է, որ տեղի ունեցածը միտումնավոր գրոհ է Իրաքի հազարամյա պատմության և մշակույթի վրա, իսկ «Իսլամական պետության» բարբարոսական գործողությունները խախտում են ՄԱԿ-ի հռչակագրերը:
Այս մասին ասվում է լիբանանահայ Սևակ Հակոբյանի՝ «Արմեդիա» ՏՎԳ-ի խմբագրությանն ուղղված նամակում: Իր հոդվածում վերջինս նշում է, որ վերոնշյալ իրադարձությունները «լրջագույն մտահոգություն են առաջացնում լիբանանահայության շրջանում, քանի որ ԻՊ-ի զինյալները գործում են Բեյրութից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա: Արդյունքում հարց է առաջանում, թե ո՞վ է օգնելու լիբանանյան բանակին, որը դեռևս կարողանում է երկրի արևելյան սահմանների մոտ դիմադրել ԻՊ-ին, և ո՞վ է երաշխավորելու Լիբանանի ապահով ապագան:
Լիբանանահայությունն անհանգստացած է նաև այն հարցով, թե ինչ է ձեռնարկում լիբանանահայության ղեկավարությունը փրկելու համար Լիբանանի տարածքում մեր ունեցած մշակութային արժեքները, արդյոք որևէ ծրագիր մշակվել է այս վտանգավոր շրջաններից մշակութային արժեք ներկայացնող իրերը առավել ապահով վայր փոխադրելու համար…»