Թերթերը միշտ չէ, որ քաղաքականության, ինտրիգների, սենսացիոն սպանությունների և ֆինանսների մասին են։ Այս ամենից զատ մեր քաղաքն ունի այլ դեմք, կամ պարզապես` մեր քաղաքում կա «Այլ քաղաք», որը զերծ է այս ամենից։
Փետրվարի 27-ին Երևանի կրպակներում հայտնվեց հայաստանյան ներկայիս իրականության համար իր տեսակի մեջ եզակի՝ ֆանտաստիկ գրական թերթ` «Այլ քաղաք»։
Լինելով գրական ժանրային պարբերական` «Այլ Քաղաք» ամսաթերթը ընթերցողներին է ներկայանում առաջին հերթին ֆանտաստիկա ժանրի ստեղծագործություններով: Թերթի առաջին համարում տեղ են գտել արդի հայ գրող Հրաչյա Սարիբեկյանի, ինչպես նաև աշխարհահռչակ ամերիկացի ֆանտաստ Ռեյ Բրեդբերիի, իտալացի ժամանակակից փիլիսոփա, մեծանուն Ումբերտո Էկոյի պատվածքները։ Թերթում տպագրված է նաև հարցազրույց անվանի ֆանտաստ Էդուարդ Գևորգյանի հետ, ով պատմում է ֆանտաստիկայի ժանրի մեծերի՝ Ստրուգացկի եղբայրների, Փոլ Անդերսենի և այլոց հետ իր շփումների մասին, գնահատում ժամանակակից ֆանտաստիկ գրականությունն ու խորհուրդներ տալիս երիտասարդ սերնդին։ Երևանին նվիրված բուկինիստական ակնարկը, երիտասարդ գրքասերների հետ զրույցներին հղվելով, պատմում է Երևանի գրքային անցուդարձի, հին գրքեր գնելու հնարավորությունների և ամենահետաքրքիր վայրերի մասին։ Գրախանութներին նվիրված ակնարկը համեմատում է գրախանունթներն ու առանձնացնում դրանց առավելությունները՝ թե՛ մասնագետի, թե՛ քաղաքացու աչքերով։
Թերթը հնարավորություն է նաև երիտասարդ ֆանտաստ հեղինակների համար` տպագրելու իրենց ստեղծագործությունները և ներկայանալու ժանրի հայալեզու սիրահարներին:
Իսկ թերթի անվան, գաղափարի և այլ հետաքրքիր հարցերի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն կզրուցի թերթի խմբագիր, երիտասարդ ֆանտաստ Վահե Ղուկասյանի հետ։