Մոսկվայում այսօր հրաժեշտ են տվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին: Հոգեհանգստի արարողությունն ընթացել է Սախարովյան կենտրոնում: Արարողությանը ներկա են գտնվել հազարավոր անձինք, որոնց թվում` ՌԴ-ում հավատարմագրված ԵՄ բոլոր երկրների դեսպանները, ՌԴ կառավարության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Յարոսլավի շրջանային դումայի պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Մոսկվայում: ՌԴ քննչական կոմիտեում հայտնել են, որ դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ, սակայն նշում են, որ մեղադրյալներ դեռ չկան:
Բորիս Նեմցովը ծնվել է 1959թ հոկտեմբերի 9-ին Սոչիում: 1981 թ ավարտել է Գորկի քաղաքի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև` ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում: Նա հեղինակել է ավելի քան 60 գիտական աշխատություններ:
Քաղաքականությամբ Նեմցովը սկսել է զբաղվել 1990-ականների սկզբից: 1990թ ընտրվել է ՌԽՖՍՀ ժողովրդական դեպուտատ: Իսկ 1991թ նոյեմբերին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Նիժեգորոդսկի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Այս պաշտոնում Նեմցովը շարունակել է աշխատել մինչև 1997թ: 1997թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին զբաղեցրել է Էներգետիկայի և վառելիքի նախարարի պաշտոնը: 1998թ նշանակվել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնում, սակայն 1998թ օգոստոսին հրաժարական է տվել:
1999-2003թթ. եղել է Պետական Դումայի փոխխոսնակ և «Աջակողմյա ուժերի միություն» խմբավորման ղեկավար: Սակայն 2003թ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո հրաժարվել է «Աջակողմյան ուժերի միության» ղեկավարի պաշտոնից: 2005-2006թթ. եղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի խորհրդական: 2012թ. հունիսին Ժողովրդական ազատության կուսակցության և Ռուսաստանի հանրապետական կուսակցության միավորման արդյունքում Բորիս Նեմցովը դարձել է նոր քաղաքական ուժի համանախագահը: 2013թ ընտրվել է Յարոսլավի շրջանի դումայի պատգամավոր:
Նեմցովը պարբերաբար հանդես է եկել գործող իշխանությունների և անձամբ Վլադիմիր Պուտինի քննադատութամբ: Իր զեկույցներում պետական գործիչը հատկապես ընդգծել է քաղաքական վերնախավի կոռումպացվածությունը:
Նեմցովը պարգևատրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պետական բարձր պարգևներով: