ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանի` պատմության գնահատականները լրջորեն վիրավորել են կորեացիներին՝ լուրջ վնաս հասցնելով երկկողմ հարաբերություններին: Հասարակության ճնշման տակ Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է պարզաբանումներ պահանջել իր գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցից, հաղորդում է rg.ru-ն:
Բանն այն է, որ Վենդի Շերմանը Վաշինգտոնում կայացած միջազգային համաժողովի ժամանակ, մեկնաբանելով Արևելյան Ասիայում իրավիճակը, նշել է, որ այնտեղ «մինչ օրս օգտագործվում են ազգայնական զգացմունքները: Եվ տեղի քաղաքական գործիչներին դժվար չի լինում էժան ծափահարություններ ստանալ՝ սևացնելով նախկին թշնամուն»: Չնայած կոնկրետ անուններ ու երկրներ չեն նշվել, սակայն Հարավային Կորեան քննադատությունն ընդունել է իր հասցեին:
Մարտի 1-ին` Անկախության համար շարժման օրվա 96-ամյակին, Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեն քննադատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին պատմության վերաբերյալ «ընտրողական» հիշողության համար: Բանն այն է, որ մինչև հիմա Սեուլը չի ցանկանում հաշտվել Տոկիոյի հետ և նորանոր ներողություններ է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի զինվորականների հանցագործությունների համար, ներառյալ նաև կորեացի սեռական ստրկուհիների հարցը:
Կորեական լրատվամիջոցներում կարծիքներ են հնչել, որ «Սեուլի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կարող են հայտնվել ճգնաժամում»: «Շերմանի արտահայտությունները ցուցադրում են ԱՄՆ-ի մոտեցումն ու դժգոհությունը, քանի որ Կորեայի և Ճապոնիայի միջև սառը հարաբերությունները չեն օգնում Չինաստանին զսպելու՝ Միացյալ Նահանգների քաղաքականությանը Հյուսիսարևելյան Ասիայում», - մեջբերում է Korea Times-ը Սեճոն արքայի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող Հոն Հեն Իկի խոսքերը: Նա հիշեցնում է, որ Ճապոնիայի գործողությունները գնահատելիս Չինաստանն ու Հարավային Կորեան համարյա նույն դիրքորոշումն ունեն, ինչը Վաշինգտոնին դուր չի գալիս:
Նշենք նաև, որ վաղուց արդեն կորեացիները նկատել են, որ Ճապոնիայի հետ մի շարք վեճերում ԱՄՆ-ը անուղղակիորեն, իսկ երբեմն էլ բացեիբաց բռնում է ճապոնամետ դիրքորոշում: