Մարտի 2-ից 4-ը հերթական ամենամյա այցով Երևանում է գտնվում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը:
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կողմերի միջև քննարկվել է աշխատանքային խմբերի լիագումար հանդիպումների և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ մտքերի ամփոփիչ փոխանակման տեսքով: Քննարկումների ժամանակ ուսումնասիրվել են ԱԳԳԾ և ՊՎԳ նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքները: Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմակրթական ու անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների, փոխգործունակության ամրապնդման և միջազգային խաղաղապահության շրջանակների ընդլայնման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կանանց դերակատարման բարձրացման ուղղությամբ պաշտպանության նախարարության գործադրած ջանքերին: