Եվրոպական հանձնաժողովը քննադատել է Հունաստանի կառավարության ղեկավար Ալեքսիս Ցիպրասի հայտարարությունը, որի հետևանքով Հունաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի միջև հարաբերությունները սրվել են:
Ցիպրասը հայտարարել է, որ Իսպանիան և Պորտուգալիան ջանքեր են գործադրում, որպեսզի տապալեն հունական պարտքի հետագա ճակատագրի մասին Եվրախմբի հետ իր բանակցությունները:
Իսպանիայի վարչապեր Մարիանո Ռախոյն այս հայտարարությանն արձագանքել է`
ասելով. «Մենք պատասխանատվություն չենք կրում Հունաստանի ծայրահեղ ձախակողմյան ուժի ձախողման համար: Նրանք տվել են խոստում, որն իրենք չեն կարող կատարել, ինչն արդեն իսկ տեսանելի է»:
Պորտուգալիայի վարչապետն իր հերթին հերքել է Ցիպրասի խոսքերը և առիթից օգտվելով կոչ է արել երկրի բնակչությանը աշնանը կայանալիք հերթական ընտրությունների ընթացքում քվեարկել իր աշխատակազմի օգտին: Իսկ Իսպանիայում ընտրությունները կկայանան տարեվերջին:
Նշենք, որ Հունաստանի վարչապետը Իսպանիայի և Պորտուգալիայի կառավարություններին մեղադրել էր իր իշխանությունը և Եվրախմբի հետ բանակցությունները տապալելուն ուղղված քայլեր ձեռնարկելու մեջ: Ցիպրասի խոսքով, իր կառավարության դեմ ձեռնարկվող քայլերը միտված են բացառելու եվրոպական այլ երկրներում ծայրահեղ ձախ ուժերի զարթոնքը: