Սպիտակ տունը որոշում է կայացրել երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Գործողությունները և քաղաքականությունը, որոնց ուղղված են իմ կողմից սահմանված կարգադրությունները, շարունակում են արտասովոր և արտակարգ սպառնալիք հանդիսանալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար: Այս պատճառով, 2014 թվականի մարտի 6-ին հայտարարված արտակարգ իրավիճակը, և այդ օրը, ինչպես նաև նույն թվականի մարտի 20-ին և դեկտեմբերի 19-ին ձեռնարկված միջոցները՝ լուծելու ստեղծված արտակարգ իրավիճակը, կշարունակվեն նաև 2015 թվականի մարտի 6-ից հետո: Այսպիսով համաձայն արտակարգ իրավիճակներին վերաբերող ազգային ակտի (50 U.S.C. 1622(d)), 202 (d) կետի՝ 13660 կարգադրությունում սահմանված ազգային արտակարգ իրավիճակը կշարունակվի ևս մեկ տարի» (մեջբերում հայտարարութjունից):
Որպես պարզաբանում նշենք, որ հայտարարության սույն հատվածում նշված «գործողությունները և քաղաքականությունը» վերաբերում է ՌԴ-ի կողմից Ուկրաինայում «ուժի կիրառմանը և Ղրիմի բռնազավթմանը»:
Հայտարարության մեջ նշվում է , որ սույն ծանուցումը կհրապարակվի ԱՄՆ Դաշնային ռեգիստրում և կփոխանցվի Կոնգրեսին: