ԵՄ-ի և ՌԴ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման վերաբերյալ:
«Մենք պայմանավորվել ենք, որ նախարարների մակարդակով եռակողմ (ՌԴ-Ուկրաինա-ԵՄ) հանդիպումը կկազմակերպվի հնարավորինս շուտ»,- հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեկսեյ Ուլյուկաևը ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալստրեմի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև հավելել է, որ Ասոցացման համաձայնագրի բովանդակությունն Ուկրաինայի և ԵՄ-ի խնդիրն է, սակայն Ռուսաստանը պարտավոր է ապահովել իր շուկայի և կազմակերպությունների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է 2014թ. մարտի 21-ին: Համաձայնագիրը մասնակիորեն մտել է ուժի մեջ, սակայն դեռևս շարունակվում է ԵՄ անդամ երկրների կողմից դրա վավերացման գործընթացը: Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ 2015թ. ավարտին այն վավերացված կլինի և ամբողջողվին կգործի:
Բացառություն է կազմում համաձայնագրի տնտեսական մասը, որը ստորագրվել է 2014թ. հունիսի 27-ին և, հաշվի առնելով ռուսական կողմի դժգոհությունները, պետք է ուժի մեջ մտնի 2016թ.-ին: