Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Բաքվին ազատ արձակել բանտերում գտնվող ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել են հունիսին Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերի նախաշեմին: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Կառույցը նաև եվրոպական երկրներին կոչ է անում մոլորության մեջ չընկնել Բաքվի կողմից կազմակերպվող միջոցառման շքեղությամբ ու փայլով` սրանով փաստորեն կոչ անելով բոյկոտել Բաքվի կազմակերպած միջոցառումը:
Amnesty International-ը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին նոր զեկույցն այն ժամանակ, երբ Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական օլիմպիական անդրանիկ խաղերին մեկնարկին մնացել է 100 օր: Այսպես` կազմակերպությունը տեղեկացնում է Եվրոպական խաղերը հյուրընկալող երկրում մարդու իրավունքների խախտումների բարձր մակարդակի մասին: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ բանտերում կա առնվազն 22 բանտարկյալ, ում նկատմամբ ներկայացված են կեղծ մեղադրանքներ: «Ադրբեջանի իշխանությունները Եվրոպայում առավել բռնապետականն են, և եթե մրցանակ տրվի ճաղերի ետևում գտնվող մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստների թվի համար, ապա Ադրբեջանը անկասկած մեդալ կնվաճի»,-նշել է Amnesty-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօերեն Ջոն Դալհույզե:
Ի պատասխան, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ հաջորդ անգամ հյուրընկալող երկիր ընտրելիս անպայման հաշվի կառնվի նաև հյուրընկալող երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
Իսկ մինչ այդ հասկանալի է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հյուրընկալող երկիր ընտրելիս այս դեպքում առաջնորդվել է միանգամայն այլ սկզբունքներով: Նախորդ շաբաթ պարզվել է դարձել, որ Ադրբեջանը պատրաստվում է հոգալ մրցույթի մասնակից բոլոր 50 երկրների պատվիրակությունների ծախսերը: