Թուրքիայում շարունակվում է սպառողական ապրանքների գների աճը, առկա ցուցիչները գերազանցում են նախատեսված սանդղակը, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել նախագահ Էրդողանի կողմից պահանջված ռեպո տոկոսադրույքի կրճատումը: Դոլարի արժևորումը և քաղաքական ճնշումները Կենտրոնական բանկի նկատմամբ առաջ են բերել լիրայի արժեզրկում, մեկ դոլարը գնահատվում է 2.5337 լիրա` նախկին 2.5120-ի փոխարեն:
Մյուս կողմից Թուրքիայի պետական վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ սպառողական գները բարձրացել են 0.71 տոկոսով մեկ ամսվա կտրվածքով, մեկ տարվա կտրվածքով՝ 7.55 տոկոս: Լիրայի արժեզրկումն ու եղանակային անբարենպաստ պայմաններն առաջացրել են բավականին բարձր գնաճ հատկապես մթերային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների մասով: Գնաճը կազմում է 2.95 տոկոս, միաժամանակ 1.77 տոկոսով բարձրացել է նաև հասարակական տրանսպորտի գինը (աղբյուրը՝ todayszaman.com):