Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ հանդես են եկել թուրք լրագրող, Taraf Daily օրաթերթի սյունակագիր Մուհամմեդ Բարանսուի ձերբակալության քննադատությամբ: Այս մասին հայտնում է Today’s Zaman լրատվականը:
Նշենք, որ Taraf Daily օրաթերթի սյունակագիրը Ստամբուլի Քրեական դատարանի կողմից ձերբակալվել էր մարտի 2-ին: Նրան ներկայացվել էր մեղադրանք 2010թ կառավարության դեմ դավադրության վերաբերյալ փաստաթղթերը դատախազությանը ներկայացնելու համար:
Բարանսուի ձերբակալությունը լայն արձագանք է գտել Եվրոպայում: Այսպես, Եվրախորհրդարանի Կանաչների խմբավորման համանախագահ Ռեբեկա Հարմսը Today’s Zaman-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ «Բարանսուի դեպքը ևս մեկ ապացույց է, որ թուրքական կառավարությունը գրեթե բոլոր միջոցներով փորձում է վերահսկել լրատվամիջոցներին և լրագրողներին: Եթե նույնիսկ հետաքննությունը այս դեպքի առնչությամբ անհրաժեշտություն էր, այն չի արդարացնում Բարանսուի ձերբակալությունը: Ակնհայտորեն դա Թուրքիայում լրագրողներին վախեցնելու համար է արվել»: Ռեբեկա Հարմսը նշել է նաև, որ մամուլի ազատությունը և բազմակարծությունը շատ կարևոր ցուցանիշներ են ժողովրդավարական զարգացումների համար, սակայն այդ ցուցանիշները Թուրքիայում վկայում են «բավականին բացասական զարգացումների մասին»:
Այս դեպքի առնչությամբ Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումների են անդրադարձել նաև մի շարք գերմանական լրատվամիջոցներ: «Լրագրողները Թուրքիայում գնալով ավելի հաճախ են դառնում իրավապահ մարմինների թիրախ: Վերջին շրջանում հակակառավարական դիրքորոշում ունեցող լրագրողները հաճախ են ենթարկվում քրեական հետապնդումների»,-գրում է Der Spiegel շաբաթաթերթը` ավելացնելով «Բարանսուն Էրդողանի կողմից որակվել է որպես «դավաճան» Գյուլենի գլխավորած Հիզմեթ շարժման վերացման մասին կառավարության ծրագիրը հրապարակելու համար»:
Նշենք, որ նախորդ շաբաթ Taraf օրաթերթի խմբագրությունում անսպասելի ստուգումներ էին անցկացրել Կապիտալի շուկայի վարչության տեսուչները: