«Էկո սերունդ» խորագրով նոր նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Ծրագրի շրջանակներում մեկ ամիս շարունակ տարբեր քոլեջների 20 ուսանողներ Երևանի հինգ դպրոցների 6-7-րդ դասարանի աշակերտներին խաղերով, կիրառական աշխատանքներով ու ընթերցումներով «էկո դասեր» են տալու՝ սովորեցնելով միջավայրը մաքուր պահելու եղանակներն ու կարևորությունը։
Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը նշել է, որ ծրագրի մտահղացումն ուսանողներինն է, ովքեր դիմել էին իրենց՝ դպրոցականներին էկոլոգիայի վերաբերյալ այլընտրանքային եղանակով գիտելիքներ հաղորդելու առաջարկությամբ: