Քրդական խնդրի կարգավորման շուրջ լեզվակռիվը թուրքական խորհրդարանում շարունակվում է: Քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Դեմիրթաշը, անդրադառնալով Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` զենքը վայր դնելու և թուրքական իշխանությունների հետ բանակցություններ սկսելու մասին կոչին, երեկ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն իրականում քրդական հարցը կարգավորելու որևէ մտադրություն չունեն: «Այս կառավարությունը փորձում է ստեղծել խաղաղության խաբկանք, այլ ոչ թե հաստատել խաղաղություն»,-հայտարարել է Դեմիրթաշը` ավելացնելով, որ կառավարությունը հետաձգել է խաղաղության մասին այս հայտարարությունը ավելի քան 7 ամիս, որպեսզի կարողանա այն օգտագործել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա նշել է նաև, որ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների պատճառով այժմ հնարավոր չի լինի ընդունել որևէ օրենսդրական ակտ, որը կհաստատի քրդական հարցի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Եվ իսկապես, Օջալանի այս հայտարարությունը հնչեց թուրքական իշխանությունների համար բավականին ձեռնտու պահի: Քրդերի հետ երկար սպասված խաղաղության հաստատումը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի համար:
Նշենք, որ վերջին շրջանում թուրքական իշխանությունները լուրջ քննադատության են ենթարկվում ինչպես տնտեսության անկման, այնպես էլ ԻՊ կողմից Թուրքիայի ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի մեծացման համար: Թուրքական իշխանությունները երկրի քուրդ բնակչության կողմից բազմիցս քննադատության են արժանացել նաև Սիրիայի քրդերին Քոբանի քաղաքում չօգնելու համար: