57 տարի առաջ այս օրը ծնվեց Հայաստանի երրորդ հանրապետության ականավոր գործիչներից մեկը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը:
«Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որոնք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա», - անկեղծացել էր այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը:
Սպարապետը կարծես զգում էր ու գիտեր, որ կյանքում մի բան իրեն այդպես էլ չի բավականացնի՝ ժամանակը... «Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես…» …
Վազգեն Սարգսյանը սպանվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ: