Փետրվարի 22-ին թուրքական հատուկ ուժերը ներխուժեցին Սիրիայի տարածքում տեղակայված թուրքական էքսկլավ, որտեղ գտնվում էր առաջին օսմանյան սուլթանի պապի՝ Սուլեյման շահի մասունքները, և տարհանեցին դամբարանն ու նրա 40 հոգանոց պահակախումբը: Թուրքական մամուլի պնդմամբ դամբարանի տարածքը պաշարվել էր «Իսլամական պետության» զինյալների կողմից:
Տարհանումից հետո դամբարանը տեղափոխվել է Էսմե գյուղ, որն ավելի մոտ է գտնվում Թուրքիային, սակայն միևնույն է, գտնվում է Սիրիայի տարածքում, որը վերահսկվում է քրդերի կողմից: Բացի այդ, ինչպես գրում է Asbarez-ը, Էսմե գյուղն այն երթուղու հիմնական հատվածն է, որտեղով Օսմանյան զինվորները Հայոց ցեղասպանության ժամանակ մահվան երթերով տարել են հայերին դեպի Դեր-Զոր, որը 1915-1920 թվականներին անթիվ հայերի մահվան վերջնական հանգրվանն է դարձել:
Շրջանի բնակչությունը դրական լույսի ներքո է հիշում տեղի հայերին. «Հայերը մշտապես հիշվում են որպես խելացի, աշխատասեր և վստահելի ժողովուրդ: Շրջանի տարեցները մեզ պատմել են, որ այստեղ հայկական գյուղեր են եղել», - պատմում են տեղացիները՝ նշելով, որ տեղի բնակչությունը չի խոսում այն մասին, թե ինչպես է կործանվել հայ բնակչությունը:
Այնուամենայնիվ, Բիրթա շրջանը, որտեղ գտնվում է Էսմե գյուղը, և նրա հարակից շրջանները մեծ նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության պատմության համար: Նվարդ Սիրինյանը, ով խոսել է Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշերը հավաքագրով Վերժինե Սվազլյանի հետ, եղել է այն մարդկանց շարքում, ովքեր 1908 թվականին անցել են Բիրթայով. «Մինչև կոտորածները մենք ապրում էինք Թոքատում, մենք շատ հարուստ էինք և ամեն ինչ ունեինք: Նրանք սկզբում տարան տղամարդկանց, և նրանք այլևս չվերադարձան: Մենք իմացանք, որ նրանք բոլորը կոտորվել են… Մենք անցանք Քիրքիզով, Մալաթիայով, Բիրթայով և հասանք Ջարաբլուս: Հալեպում հորեղբորս երկու երեխաները մահացան»:
Ոմանց համար Բիրթան կանգառ է եղել աքսորի ճանապարհին, իսկ ոմանց համար էլ շրջադարձային կետ է դարձել: Պատմաբան Ռայմոնդ Գևորգյանն իր «Հայոց ցեղասպանություն» գրքում նշում է, որ Ուրֆա-Բիրթա ճանապարհին մեծ կորուստներ են եղել: Գևորգյանի խոսքերով այս երթուղով աքսորվող մարդկանց միայն 20 տոկոսն է կարողացել հասնել սիրիական անապատ:
Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ռոսլերը ևս մանրամասն տեղեկություններ է տրամադրել Բիրթայում Ցեղասպանության զոհերի մասին: