ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատերերին 2015» ծրագրին, ըստ որի` ՓՄՁ-ների 150-200 սուբյեկտներ կառավարությունից ֆինանսական աջակցություն կստանան, տեղեկացնում է Arka գործակալությունը։ Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ինչպես 2014 թ.-ին, այնպես էլ այս տարի կշարունակվի սկսնակ ձեռնարկություններին արտոնյալ վարկերի տրամադրումը` մինչև 5 մլն դրամ առավելագույն չափով, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով։ «Նախատեսվում է նաև մինչև 5 տարի ժամկետով 15 մլն դրամի չափով վարկային երաշխիքների տրամադրում», - նշել է նա։ Մելքոնյանի խոսքով` շարունակվում են դասընթացները ՓՄՁ ներկայացուցիչների համար։ «Նախապատվությունը կրկին կտրվի երկրի մարզերում գործող ձեռնարկություններին` հաշվի առնելով դրանց տնտեսական գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս տարի բացի խորհրդատվությունից և տեխնիկական աջակցությունից նախատեսվում է կիրառել նոր մեխանիզմներ, մասնավորապես` աջակցություն ցուցաբերել նոր բիզնես նախաձեռնություններին։ Ուսուցանող ծրագրերի ևս մի առաջնահերթություն կդառնա ռեսուրսախնայող և էկոլոգիապես մաքուր արտադրությունը», – ավելացրել է փոխնախարարը։ Ծրագիրը կիրականացնի Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը ($1 – 479,05 դրամ)։