Սաուդյան Արաբիան պատրաստվում է առաջարկել այնքան նավթ, որքան անհրաժեշտ կլինի գնորդների կարիքը բավարարելու համար: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ-Նաիմին չորեքշաբթի Բեռլինում հայտարարել է, որ աշխարհի խոշորագույն նավթ արտահանող կազմակերպություն OPEC-ը կկրճատի արդյունահանումը միայն այն դեպքում, երբ գնորդները հրաժարվեն գնել վառելիք, ինչը, նախարարի կարծիքով, իրատեսական չէ: Ինչ վերաբերում է նավթի գներին, ապա դրանք կկարգավորվեն շուկայում առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության արդյունքում:
Պետք է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նավթ արդյունահանողներն աննախադեպ կրճատել են հորատումը այն բանից հետո, երբ OPEC-ը որոշել է պահպանել արդյունահանման իր ծավալները՝ նպաստելով վառելիքի գնի նվազմանը: Ըստ Ալի Ալ-Նաիմիի՝ նավթի ավելցուկի դեմ պայքարի հարցում ոչ-OPEC երկրները նույնպես շուկայում պետք է կիսեն պատասխանատվությունը: Պետք է նշել, որ ոչ–OPEC երկրների համար խնդիր է դարձել ծախսերի մեծ ծավալը և ոչ էֆեկտիվ արդյունահանումը: Ալի Ալ-Նաիմին հայտարարում է, որ շուկայում սեփական դիրքերը թուլացնելու հաշվին վերջիններիս սուբսիդավորելը OPEC երկրների խնդիրը չէ:
Ըստ նախարարի՝ նավթի ցածր գները զարգացող երկրներում խթանում են վառելիքի պահանջարկի աճը, ինչն էլ հնարավորություն է տալիս համաշխարհային շուկայում հավասարակշռություն ստեղծել: Նախարարը համոզված է, որ երբ առաջարկն ու պահանջարկը գան հավասարակշռության, վառելիքի գինը կկարգավորվի (աղբյուրը՝ bloomberg.com):
Այսպիսով` ակնհայտ է, որ համաշխարհային նավթի շուկայում մեծապես կորուստներ են կրում ոչ–OPEC երկրները, որոնք մրցակցությունից դուրս են գալիս: Այս երկրների առաջ խնդիր է ծառանում ցածր գների պայմաններում հոգալ արդյունահանման ծախսերը և շահույթ ապահովել: Այս երկրների թվին են պատկանում Ռուսաստանը, Ադրբեջանը, Սիրիան, որոշ լատինաամերիկյան երկրներ: Վերջիններիս համար նավթի ինքնարժեքը ավելի բարձր է, քան Ծոցի երկրների համար: Քանի որ Ծոցի երկրներում արդյունահանման ծախսերն ավելի քիչ են, նրանք կարողանում են իրենց դիրքերը հեշտությամբ պահպանել շուկայում:
Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա այն, որպես աշխարհում նավթի ամենամեծ սպառող, մինչև շուկայում գների կտրուկ անկումը դարձել էր նավթ արդյունահանող երկիր, բայց ոչ՝ արտահանող: Իսկ գների 50 և ավելի տոկոս անկումից հետո նախընտրում է ավելի շուտ ներմուծել, քան օգտագործել սեփական պաշարները: Սա է հիմնական պատճառը, որ շուկայում պահանջարկը չի նվազում:
Ամփոփելով, կարելի է ենթադրել, որ OPEC-ի քաղաքականությունն` ուղղված վառելիքի գների նվազեցմանը, կարող է հանգեցնել նավթային շուկայում վաճառողների թվի կրճատման: Այն երկրները, որոնք չեն դիմանա մրցակցությանը, կլքեն նավթի համաշխարհային շուկան: