Մարտի 5-ին Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհուրդը որոշում է ընդունել դադրեցնել անվտանգության ոլորտում համագործակցությունն Իսրայելի հետ: Այս մասին փոխանցում է Al Jazeera-ն: Կենտրոնական խորհրդի անդամ Մուսթաֆա Բարղութին AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ այդ որոշումը պարտադիր է, քանի որ Օսլոյի համաձայնագիրը, որով սկիզբ է դրվել այդ գործընթացին ստորագրվել է ՊԱԿ-ի կողմից:
Խորհրդի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. « Իսրայելի օկուպացիոն իշխանությունների հետ դադարեցվում է անվտանգության համակարգումը` բոլոր դրսևորումներով, քանի որ վերջինս չի հետևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրերին»:
Նման որոշման պատճառ է հանդիսացել Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում հավաքագրվող հարկերի պաղեստինյան իշխանություններին փոխանցելու գործընթացի սառեցումը: Իսրայելը հարկերի փոխացման սառեցման մասին հայտարարել էր նախորդ ամիս` ի պատասխան Պաղեստինի` Միջազգային քրեական դատարանի անդամ դառնալու մտադրությանը:
Դեռևս պարզ չէ` արդյոք Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կկատարի Խորհրդի այս որոշումը, թե ոչ, սակայն այն լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ Իսրայելի անվտանգության համար` հանգեցելով կողմերի միջև լարվածության աճին: