Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին մինչև 2016թ.-ին վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտը ներկայացնել Կիպրոսի վերամիավորման վերաբերյալ ծրագիրը: Այս մասին փոխանցում է Haaretz լրատվականը:
Թուրքիայի վարչապետն այս մասին հայտարարել է երեկ` մարտի 5-ին, Պանի Գի Մունի հետ ունեցած հանդիպումից հետո: «2004թ. մենք աջակցեցինք Կիպրոսի վերամիավորման վերաբերյալ Քոֆի Անանի ներկայացրած ծրագրին և այժմ առաջարկել ենք պարոն Պան Գի Մունին մինչև 2016թ.-ին իր պաշտոնավարման ավարտը ներկայացնել ևս մեկ ծրագիր »,-հայտարարել է Դավութօղլուն: Նա նաև ավելացրել է, որ Անկարան «կանի հնարավոր ամեն ինչ Կիպրոսում կայուն, համապարփակ խաղաղություն հաստատելու համար»:
Նշենք, որ Կիպրոսը բաժանված է թուրքալեզու հյուսիսի և հունախոս հարավի 1974թ. Թուրքիայի ներխուժումից հետո: Ներկայումս կղզու վերամիավորման մասին բանակցությունները փակուղում են: