«Կրթություն Հայաստանը» տեղեկացնում է, որ միացել է «Teach For All» համաշխարհային ցանցին: Իբրև հասարակական կազմակերպություն՝ «Կրթություն Հայաստանը» ՀՀ-ից և Սփյուռքից հավաքագրում և վերապատրաստում է հարուստ նվաճումներով երիտասարդ մասնագետների, որոնք, երկու տարի դպրոցներում դասավանդելով, կընդլայնեն հայ երեխաների կրթական հնարավորությունները։ «Կրթություն Հայաստանի» տեսլականն է, որ մի օր Հայաստանի բոլոր երեխաները հնարավորություն ունենան բացահայտել իրենց ողջ ներուժը:
«Կրթություն Հայաստանը» այժմ «Teach For All» համաշխարհային ցանցին միացած 36-րդ գործընկերն է: «Teach For All» ցանցը միտված է ընդլայնելու ուսման հնարավորությունները աշխարհի տարբեր երկրներում: «Teach For All» ցանցը աջակցում է այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է «Կրթություն Հայաստանը», որը զարգացնում է տարբեր մասնագիտությունների տեր անհատների հմտությունները՝ իրենց երկրում առավել կարիքավոր դասարաններում 2 տարի ժամկետով դասավանդելու և առաջնորդներ դառնալու համար: Յուրաքանչյուր գործընկեր կազմակերպություն համապատասխանեցնում է այս մոտեցումն իր երկրի պահանջներին և առանձնահատկություններին:
«Կրթություն Հայաստանը» կմիանա «Teach For All» ցանցի մյուս 35 գործընկեր կազմակերպություններին՝ նպաստելով ամբողջ աշխարհում երեխաների կրթական կարողությունների ընդլայնման միասնական նպատակի իրականացմանը: «Մենք շատ ուրախ ենք ողջունելու «Կրթություն Հայաստանի» միացումը «Teach For All» համաշխարհային ցանցին», - ասում է «Teach For All» համաշխարհային ցանցի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վենդի Քոփը: «Կրթություն Հայաստանը» մի կայծ է շատ երեխաների ապագան լուսավորելու համար, այն երեխաների, որոնք այլ պայմաններում ուղղակի մոռացված կլինեին»,- ասում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը:
«Կրթություն Հայաստանի» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Ռայանը խորապես նվիրված է իր երկրում հավասար կրթական հնարավորությունների ընդլայնմանը: 2010թ. նա միացել է «Teach For America»-ին Ֆենիքսում (Արիզոնա) որպես հատուկ կրթության ուսուցիչ առավել կարիքավոր հանրային դպրոցում: Արիզոնայում անցկացրած իր 2 տարիների փորձառությամբ ոգեշնչվելով՝ 2013թ. որոշել է վերադառնալ Հայաստան և նմանատիպ ծրագիր հիմնել՝ Հայաստանի բոլոր երեխաներին, անկախ իրենց սոցիալ տնտեսական պայմաններից, գերազանց ուսման հնարավորություն ընձեռելու տեսլականով։ Իր վերադարձը Լարիսան դիտարկում է որպես ՀՀ-ում կրթության արդյունքների վրա համակարգային ազդեցություն ունենալու հնարավորություն: «Կրթություն Հայաստանի» գործունեությամբ նա նաև նպատակ ունի ՀՀ և Սփյուռքի նորավարտ տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն տալ իսկապես նշանակալից ներդրում ունենալ իրենց հայրենիքի զարգացման մեջ:
«Արիզոնայում դասավանդման իմ փորձառությունն ինձ ստիպեց գիտակցել, թե որքան վճռորոշ կարող է լինել մի ուսուցչի ազդեցությունը: Աշակերտներիս ցուցաբերած առաջընթացն ինձ ոգեշնչեց վերադառնալ հայրենիք և հենց իմ հայրենիքի երեխաների համար հիմնել նմանատիպ ծրագիր։ Մենք չափազանց ուրախ ենք «Teach For All» համաշխարհային ցանցին միանալու և մյուս գործընկեր կազմակերպությունների հաջողված փորձը Հայաստանում տեղայնացնելու և առավել արդյունավետ կիրառելու հնարավորության համար», - ասում է Լարիսա Ռայանը:
«Teach For All» -ի մասին
«Teach For All»-ը ավելի քան 30 ինքնակառավարվող, կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որի անդամակիցները կիսում են միևնույն նպատակը՝ իրենց երկրում կրթական հնարավորությունների ընդլայնումը: Յուրաքանչյուր գործընկեր կազմակերպություն հավաքագրում և զարգացնում է տարբեր մասնագիտությունների տեր առաջնորդների՝ իրենց երկրում առավել կարիքավոր դպրոցներում 2 տարի ժամկետով դասավանդման համար: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.teachforall.org կայքը: