Մայիսի 3-ին կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին տված միջազգային, մասնավորապես ԵՄ-ի, ԵԱՀԿ-ից և ԱՄՆ-ից ունեցած արձագանքի վերլուծությունը թույլ է տալիս կատարել մի շարք ուշադրության արժանի եզրակացություններ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած երկու հիմնական թեզերը հակասում են միմյանց: Հայտարարության մեջ համանախագահները փաստում են, որ իրենք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում (2012 նախագահական և 2010 խորհրդարանական ընտրություններին տված արձագանքում այս թեզը չի հանդիպում), միևնույն ժամանակ նրանք նշում են, որ չեն ընդունում ընտությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա: Հարց է առաջանում, եթե ԼՂՀ չընտրեր այս ուղղին և չգնար ժողովրդավարացման ճանապարհով, ապա առաջացած անարխիայում ինչպես էր Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենալու որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը:
ԵՄ հայտարարությունն, ըստ էության, առավել անընդունելի է: Եթե Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ գոնե փաստում են, որ իրենք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում, ապա ԵՄ-ն, նահանջ կատարելով իր իսկ կողմից ակտիվ քարոզվող համամարդկային արժեքներից, հայտարարության մեջ անգամ չի ճանաչում ԼՂՀ ժողովրդի սեփական ապագան տնօրինելու իրավունքը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ արված հայտարարության մեջ մի հետաքրքիր բառախաղի ենք հանդիպում, որը արժանի է ուշադրության: Պետդեպարտամենտի խոսնակն ընգդծել է. «ԱՄՆ-ն չի պատրաստվում մինչև միջազգային բանակցությունների ավարտը կանխորոշումներ անել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»: Սա, ըստ էության, մարտահրավեր է Ադրբեջանի նախագահի կողմից հաճախ շրջանառվող թեզին, համաձայն որի` ԱՄՆ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը` նրա կազմում ներառելով նաև ԼՂՀ-ն:
Եթե փորձենք վերը նշվածն ամփոփել, ապա պետք է փաստենք, որ թե՛ Եվրամիությունը և թե՛ Միացյալ Նահանգաներն իրենց հայտարարություններով կրկին հակասեցին իրենց` միջազգային հարթակում որդեգրած ժողովրդավարական արժեքների ակտիվ ջատագովի կեցվածքին: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված հայտարարությանը, ապա պետք է փաստենք, որ համանախագահները ևս մեկ անգամ փորձեցին «չնեղացնել» կողմերից և ոչ մեկին, փոխարենը՝ հայտնվեցին «անհարմար» իրավիճակում` հայտատարության մեջ օգտագործելով իրար հակասող, անհամադրելի թեզեր: