Բրիտանացի հայտնի հնագետ Նիկոլաս Ռիվզը հայտարարել է̦ որ երկու ապացույց է հայտնաբերել, որոնք վկայում են այն մասին, որ Թութանհամոնի գերազմանախցի պատերից մեկը կարող է տանել դեպի Նեֆերտիտիի գերեզման: Նշենք, որ Նեֆերտիտիի դամբարանը մինչ այժմ չի հայտնաբերվել: Պատմաբանները կարծում են, որ նա եղել է Էխնաթոն փարավոնի՝ Թութանհամոնի հոր կինը: Նա համարվում է բրոնզի դարի գեղեցկության խորհրդանիշ և Հին Եգիպտոսի ամենավառ և հետաքրքիր տիրակալներից մեկը: РИА Новости-ն, հղում անելով Academia.edu-ին, նշում է, որ Թութանհամոնի դամբարանում երկու դռների նշաններ են հայտնաբերվել, որոնք կարող են տանել դեպի Նեֆերտիտիի գերեզման:
Էխնաթոնի և Թութանհամոնի դամբարանները հայտնաբերվել են դեռևս 20-րդ դարի սկզբին: Իսկ Նեֆերտիտիի դամբարանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ: Հնագետի կարծիքով Թութանհամոնի դամբարանի զարդարանքը և նրա դիմակը վկայում են այն մասին, որ ի սկզբանե դրանք նախատեսված են եղել Նեֆերտիտիի համար: Հնագետի կարծիքով Թութանհամոնի դամբարանի զարդարանքի 80% նախատեսված չի եղել նրա համար, քանի որ ոչ ոք չի մտածել, թե նա կմահանա ընդամենը 20 տարեկան հասակում:
Բացի այդ, Ռիվզը մի շարք նամակագրական փաստեր է հայտնաբերել, որոնց համաձայն Նեֆերտիտիի գերեզմանը պետք է ընկած լինի Թութանհամոնի դամբարանից ոչ շատ հեռու:
Այս փաստերից ելնելով` հնագետը սկսել է ուսումնասիրել Թութանհամոնի գերեզմանի բարձրորակ եռաչափ պատկերները: Արդյունքում բրիտանացի հնագետը կարողացել է անհավանական բացահայտում կատարել: Պարզվել է, որ դամբարանի արևտյան և հյուսիսային պատերի որմնանկարների վրա որոշակի անհարթություններ կան: Բացի այդ, այդ որմնանկարների գույները տարբերվում են մյուս պատերի գույներից:
Հնագետի կարծիքով նույն դամբարանում Թութանհամոնին թաղելու պատճառը նրա անսպասելի մահն է եղել: Ճարտարապետներն ու մյուս արհեստավորներն ուղղակի չեն հասցրել նոր դամբարան նախապատրաստել փարավոնի համար և նրան թաղել են Նեֆերտիտիի հետ միասին:
Իհարկե, սա դեռ միայն վարկած է: Այն հաստատելու համար բավական ժամանակ և միջոցներ կպահանջվեն: Սակայն ցանկացած քայլ ձեռնարկելուց առաջ հնագետները պետք է ստանան Եգիպտոսի իշխանությունների թույլտվությունը: