Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Մարտի 14-ին կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ: Դրա ընթացքում կքննարկվեն ԵՄ-Իրան, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները, իրավիճակը Լիբիայում և այլ հարցեր: Խորհրդի շրջանակներում կանցկացվի նաև ԵՄ-Մոլդովա ասոցացման խորհրդի նիստ:
Մարտի 17-18-ին Բրյուսելում կգումարվի ԵՄ գագաթաժողով: Օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ միգրացիոն ճգնաժամը և 2016թ. գերակայություններն առաջին կիսամյակի համար, քննարկվելու են հիմնական ձեռքբերումներն աշխատաշուկայի բարելավման ոլորտում:
Դրան կնախորդի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովը:
Մարտի 17-ին Բրյուսելում տեղի կունենա «ԵՄ էներգետիկ համագործակցությունն Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի հետ» խորագրով Բարձր մակարդակի հանդիպումը: