Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Մարտի 30-ին Բրյուսել կայցելի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նա կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:
Մարտի 31-ապրիլի 1-ին Վաշինգտոնում տեղի կունենա Միջուկային անվտանգության համաշխարհային գագաթաժողովը: Դրան կմասնակցեն ինչպես ԵՄ անդամ երկրների ղեկավարները, այնպես էլ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Գագաթաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն է մեկնելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: