Այն կարծիքը, որ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին սանձազերծված քառօրյա պատերազմը միջազգային հանրության անտարբերության ուղղակի հետևանք է, հնարավոր է հեշտությամբ ապացուցել, եթե փորձենք վերհիշել և ըստ ժամանակագրության դասակարգել Ադրբեջանի նախագահի ելույթներում վերջին շրջանում օգտագործված հիմնական թեզերը: Դրանց միջոցով վերջինս կարծես փորձում էր միջազգային հանրության, և առաջին հերթին՝ միջնորդների համբերությունը հասկանալու համար, թե որքան հեռու Ադրբեջանը կարող է գնալ:
Ռազմական բյուջեն մեծացնելու հետ մեկտեղ Ադրբեջանի ղեկավարը նաև աստիճաբար ուժգնացրեց իր ռազմական հռետորաբանությունը՝ բացահայտ սպառնալիքներ ուղղելով նախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետությանը: Հետո արդեն հերթը հասավ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչը դրսևորվեց ադրբեջանական կողմի՝ Մինսկի խմբի այս տարիներին իրականացրած աշխատանքը վարկաբեկելու փորձերով: Ադրբեջանական կողմը չբավարարվեց միայն սպառնալիքներով, այլ դիմեց կոնկրետ քայլերի: Նման քայլերի շարքում կարելի է դիտարկել վերջինիս կողմից ագրեսիայի պարբերաբար հրահրումը սահմաններին, երկու ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկների մերժումը, Մինսկի խմբի ձևաչափից բանակցությունները դուրս բերելու փորձերը և այլն:
Իհարկե, Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթներում հայկական կողմերին ուղղված բացահայտ սպառնալիքների օրինակներ գտնելու համար ժամանակային առումով կարելի է ավելի հետ գնալ, սակայն իրադարձությունների զարգացման դինամիկան ցույց տալու համար պայմանականորեն դիտարկենք 2014 թվականի հուլիսի վերջը, օգոստոսի սկիզբը: Այդ ժամանակ Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառումը, սահմաններին հրահրեց ագրեսիա, ինչը մի քանի օր շարունակվող լարվածության պատճառ դարձավ և խլեց մարդկային կյանքեր:
Ադրբեջանի նախագահը, որպես սահմաններին իր կողմից հրահրած ագրեսիայի ապացույց, օգոստոսի 7-ին իր թվիթերյան էջում կատարեց ավելի քան 60 հակահայկական գրառումներ՝ բայցահայտ պատերազմ հայտարարելով հայկական կողմերին և սպառնալով ծածանել ադրբեջանական դրոշը ԼՂՀ Շուշի քաղաքում: Ալիևի թվիթերյան այս գրառումները մեծ արձագանք ստացան միջազգային մամուլում և շրջանառվեցին, այդ թվում այնպիսի հեղինակավոր գործակալությունների կողմից, ինչպիսին են օրինակ The Independent-ը, The Guardian-ը, Al Jazeera-ն և այլն (նրանք դա մեկնաբանեցին՝ որպես նախադեպը չունեցող երևույթ, երբ երկրի նախագահն իր սոցիալական էջի միջոցով բացահայտ պատերազմ է հայտարարում մյուս երկրին): Այնուամենայինվ, միջազգային հանրությունն, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները, այս առնչությամբ որևէ հասցեագրված հայտարարություններ անելուց զերծ մնացին:
Արդեն 2015 թվականի Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում «Ուկրաինայից անդի. չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում» թեմայով փետրվարի 7-ին տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ, միջազգային հանրության այս անտարբերությունը թույլ տվեց Ադրբեջանի նախագահին ավելի հեռուն գնալ: Միջազգային այս հարթակում նա բացահայտ ընդունեց իր կողմից հայկական զորքերի դեմ իրականացվող ագրեսիան: Իր ելույթում Ադրբեջանի նախագահը մասնավորապես նշեց. «Ի՞նչ է անում հայ զինվորը Աղդամում: Եթե չի ուզում սպանվի, թո′ղ չգնա Աղդամ: Թո′ղ մնա Երևանում, Գյումրիում»:
Ոգևորված նրանից, որ անգամ միջազգային հարթակներում իր կողմից բացահայտ ագրեսիայի ընդունման փաստը կարող է անտեսվել միջազգային հանրության կողմից, նույն թվականի մարտի 20-ին Բաքվում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ Ադրբեջանի նախագահն իր ելույթում այս անգամ էլ որոշեց սպառնալ ՄԱԿ-ի և ՀԱՊԿ անդամ պետություն հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը՝ խոստանալով ոչ միայն հետ վերցնել «օկուպացված տարածքները», այլև հասնել մինչև «հնագույն ադրբեջանական հողեր»՝ Երևան, Սևան և Զանգեզուր: Իր ելույթի ժամանակ նա մասնավորապես նկատեց.
«Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային հանրության կողմից տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով: Դրանից հետո մենք՝ ադրբեջանցիներս, իհարկե, կվերադարձնենք մեր հնագույն հողերը՝ և՛ Էրիվանը, և´ Գեյչան, և´ Զանգեզուրի շրջանը»:
Անգամ այս սպառնալիքն անտեսվեց: Հերթն արդեն համանախագահներինն էր: Սույն թվականի հունվարի 29-ին ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը Միսնկի խմբին մեղադրեց անգործության մեջ և նրանց ներկայիս գործունեությունը որակեց որպես «բացարձակ անիմաստ» գործընթաց: Ալիևն ավելի հեռուն գնաց՝ փորձելով հակամարտությանը հաղորդել կրոնական բնույթ, նշելով, որ Մինսկի խմբի կողմից Ադրբեջանի հանդեպ կրրառվող «երկակի ստանդարտների» պատճառն իրենց մուսուլման լինելու հանգամանքն է:
Իր խոսքում ուղղված համանախագահներին Ալիևն անգամ նրանց մեղադրեց ԵԽԽՎ կողմից չընդունված Ուոլթերի բանաձևի համար՝ հետևյալ հարցադրումներով փորձելով հեգնել և վարկաբեկել նրանց.
«Ո՞ւմ տեղն են իրենք իրենց դրել: Սա նշանակում է, որ իրենք պետք է իրենց իրավունք վերապահե՞ն ճնշում գործադրել բոլոր միջազգային կառույցների վրա: Հրամայե՞լ բոլոր միջազգային կառույցներին»:
Միսկի խմբին ուղղված նման հայտարարություններից և արհամարհական հարցադրումներից զատ, այս ընթացքում ադրբեջանական կողմը նաև շարունակում էր բանակցային սեղանին ցուցաբերել ապակառուցողական կեցվածք: Սա առավել ակնհայտ դարձավ, երբ վերջինս մերժեց համանախագահների՝ կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկը, որով նախատեսվում էր սահմաններին տեղադրել հետքաննության մեխանիզմներ, որոնք թույլ կտային պարզե, թե որ կողմն է խախտել հրադադարը:
Նման անտարբերության ֆոնին Ադրբեջանի համար միանշանակ դարձավ, որ նա կարող է ավելիին գնալ, քան ակնկալում էր: Այլ կերպ ասած, միջազգային հանրության և, առաջին հերթին, միջնորդների լռությունն ադրբեջանական կողմի համար դարձավ «կանաչ լույս», ինչը հանգեցրեց քառօրյա պատերազմի, որը խլեց մարդկային կյանքեր՝ այդ թվում նաև անմեղ երեխաների և ծերերի: Սակայն անգամ այս դեպքում միջազգային հանրության արձագանքը չեղավ ադեկվատ, և միայն ԼՂՀ Պաշպանության բանակի շնորհիվ Ադրբեջանը ստացավ արժանի հակահարված, ինչի արդյունքում վերջինիս սպասումներն ու ակնկալիքները միանգամից և կտրուկ նվազեցին: