Այս շաբաթ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը: Մի կողմ թողնելով բանակցությունների արդյունքները՝ կարելի է փաստել, որ հանդիպման փաստն ինքնին դրական է: Ապրիլյան սրացումներից հետո առաջին անգամ ԱՄՆ չսահմանափակվեց միայն հայտարարություններով և գնաց կոնկրետ քայլի՝ Վիեննայում նախաձեռնելով նախագահների և Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Սակայն ակնհայտ է, որ հանդիպումը չի կարող լինել ինքնանպատակ, և հակամարտության կողմերի ակնկալիքները համանախագահող երկրներից չեն կարող սահմանափակվել միայն նմանատիպ պաշտոնական հանդիպումներ նախաձեռնելով և անցկացնելով: Ուստի, Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո, առավել քան տրամաբանական է, որ հայկական կողմերն ԱՄՆ-ից, որպես հանդիպումը նախաձեռնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է որոշակի ակնկալիքներ ունենան:
Փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախաձեռնությամբ, պետք է ստիպի վերջինիս ավելի հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում օգտագործել բոլոր հնարավոր փակ դիվանագիտական խողովակները՝ ստիպելու հակամարտող կողմերին հետամուտ լինել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Հակառակ դեպքում, տարածաշրջանում ոչ միայն չեն դադարի բռնությունները, այլև հերթական անգամ կարող է հարցականի տակ դրվել այս դեպքում ԱՄՆ-ի՝ որպես հանդիպումը նախաձեռնող միջնորդ կողմի հեղինակությունը (ինչպես դա եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը սահմաններին ձեռնարկեց ռազմական գործողություններ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից անմիջապես հետո):
Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և տարածաշրջանում հետագա բռնությունների կանխարգելման համար ԱՄՆ պետք է նաև «սանձի» տարածաշրջանում իր ՆԱՏՕ գործընկեր Թուրքիային, որը այս տարիների, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ողջ ընթացքում շարունակ հանդես է եկել ռազմական գործողություններ հրահրողի դերում՝ ամենաբարձր մակարդակով անելով ռազմատենչ հայտարարություններ և ամեն կերպ սատարելով Ադրբեջանին:
Սրանք այն նվազագույն ակնկալիքներն են, որոնց իրականացմանը պետք է հետամուտ լինի ԱՄՆ-ն, որպես հակամարտության անմիջական միջնորդ: Հակառակ դեպքում, մենք հերթական անգամ ականատես կլինենք նրա, որ տարածաշրջանում խաղաղ բնակչության հիմնարար իրավունքներից մեկը, այն է՝ անվտանգության իրավունքը, ստորադասվում է գերտերությունների՝ տարածաշրջանում ունեցած քաղաքական շահերին: