Գերմանիայի խորհրդարանն այսօր մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայնով ընդունեց «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման» բանաձևը: Բանաձևի ընդունումից ժամեր չանցած՝ Թուրքիան դիմեց նախկինում այլ երկրների հանդեպ բազմիցս կիրառած իր ավանդական քայլին և Բեռլինից հետ կանչեց երկրի արտակարգ և լիազոր դեսպանին: Թուրքական մամուլը սա բնութագրեց «որպես առաջին պատասխան քայլ»՝ ակնարկելով, որ կլինեն նաև այլ քայլեր:
Հաշվի առնելով Թուրքիայի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները՝ Գերմանիայի դեմ Թուրքիայի հնարավոր ազդեցության լծակների շարքում կարող ենք առանձնացնել մի քանի գործոն. առաջին՝ Թուրքիա-Գերմանիա ոլորտային՝ օրինակ տնտեսական համագործակցությունը, երկրորդ՝ Գերմանիայում ապրող թուրք բնակիչներին, և վերջապես երրորդ՝ Թուրքիա-ԵՄ միգրացիոն «գործարքը»:
Արդո՞ք դրանք մտահոգության տեղիք պետք է տան Գերմանիային կամ Եվրոպային, իհարկե ո՛չ: Անդրադառնանք նշված ազդեցության լծակներին առանձին-առանձին: Նախ տնտեսական գործոնի շահարկման դեպքում կտուժի ոչ միայն Գերմանիան, այլ նաև հենց ինքը՝ Թուրքիան: Ավելին՝ թուքրական տնտեսության վնասներն, ամենայն հավանականությամբ, կլինեն ավելի լուրջ: Ասվածի բավական նման օրինակ է ռուս-թուրքական հարաբերությունների վերջի լարումը և տնտեսական էմբարգոների հետևանքները:
Եթե Թուրքիան փորձի Գերմանիայի դեմ որպես լծակ օգտագործել Գերմանիայում ապրող թուրքական համայնքին, ապա պարզապես կուժեղացնի ԵՄ կողմից Թուրքիային ազատ վիզային ռեժիմ տրամադրելուն ընդդիմացող շրջանակների դիրքերը: Բացի այդ, դա կազդի նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացի վրա՝ դանդաղացնելով այն:
Վերջապես, ինչ վերաբերում է երրորդ հնարավոր լծակին, այն է՝ Թուրքիայի կողմից փախստականների հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների հնարավոր շահարկումը, պետք է նախևառաջ արձանագրել մի քանի հանգամանք: Նախ մինչ օրս Թուրքիան պարտաճանաչ ձևով չի էլ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչի հետ կապված պարբերաբար իրենց դժգոհությունն են հայտնել թե՛ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ եվրոպական առանձին երկրների ղեկավարները: Բացի այդ, Թուրքիայի նման ոչ այդքան «կայուն» գործընկերոջ հետ նման պայմանավորվածությունների գնալիս, հազիվ թե նույն ԵՄ պաշտոնյաները հաշվարկած չլինեն սցենարային տարբեր հնարավոր զարգացումների հավանականությունը:
Ամփոփելով, մնում է փաստել, որ արդեն իսկ դրական է այն հանգամանքը, որ Գերմանիան, տուրք չտալով Թուրքիայի սպառնալիքներին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը խոսում է գերմանական ժողովրդի և նրա քաղաքական ղեկավարության բարձր գիտակցության մասին: Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա ստեղծված իրավիճակում Էրդողանը ցանկացած «պատժիչ» քայլի գնալուց առաջ պետք է երկար խորհի դրա հնարավոր դրական ու բացասական հետևանքների մասին, հակառակ դեպքում՝ թուրք ժողովուրդը հերթական անգամ իր մաշկի վրա կզգա անհեռատես առաջնորդի սխալների ազդեցությունը: