Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած գաղափարների փոխանակման ամենամյա ֆորումին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ որոշ սառեցված հակամարտությունների, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության դեպքում, ներկայումս չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախևառաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը մինչև օրս բուռն քննարկումների առիթ է դարձել ինչպես տարբեր երկրների մեդիա շրջանակներում, այնպես էլ պաշտոնական մեկնաբանություններում: Չնայած հնչող տարբեր կարծիքներին, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը չի կարելի արտասովոր համարել, եթե այն դիտարկենք հետևյալ տեսանկյունից:
Ի՞նչ ասել է «առաջնորդները դրան պատրաստ չեն» և որո՞նք են այն գործոնները, որոնցով կարող է պայմանավորել առաջնորդների պատրաստ լինելը: Իհարկե, այդ գործոնները շատ են, սակայն դրանցում թերևս ամենակարևորը հակամարտության կողմ հանդիսացող հանրություների պատրաստ լինելու հանգամանք է:
Ղարաբաղյան հակամարտության դեպքում, երբ հանրությունների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր կամ ձեռնարկվել են, բայց չեն եղել անհրաժեշտ մակարդակի, խոսել հանրությունների պատրաստ լինելու մասին, մեղմ ասած անտրամաբանական է: Իսկ արդեն ապրիլյան պատերազմից հետո տվյալ խնդրի բարձրաձայնումը և որևէ տեղաշարժ ակնկալելն անգամ իրատեսական չէ:
Այս տեսակետից կարող ենք փաստել, որ ԱՄՆ պետքարտուղարի կոչն առաջին հերթին ուղղված էր հենց Ադրբեջանի ներկայիս իշխանությանը, որը պարբերաբար մերժել է հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկներն (այդ թվում նաև ամերիկյան տարբեր պաշտոնյաների կողմից ներկայացված), փոխարենն իր ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությամբ և գործողություններով, շարունակ մեծացնել հանրությունների միջև առկա անվստահության վիհը: Թերևս հենց դրանով կարելի է բացատրել նաև այն հանգամանքը, որ Քերիի հայտարարությանը ադրբեջանական կողմը պատասխանեց բավական անզուսպ, քանզի բոլորի համար էլ ակնհայտ է, թե ում է այն իրականում հասցեագրված: