Փետրվարի 12-ից 13-ը տեղի ունեցավ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այժմ, երբ Հայաստանին հաջողվել է լիարժեք կյանքի կոչել իր հռչակած «և՛, և՛»-ի քաղաքականությունը (լինելով ԵԱՏՄ անդամ՝ համագործակցության պայմանագիր կնքել ԵՄ-ի հետ), Եվրոպական միության խորհրդում նախագահությունը ստանձնած Բուլղարիայի ղեկավարի այցն ավելի է կարևորվում: Հատկանշական է, որ Հայաստան ժամանած Ռադևը բազմիցս հայտարարել է, որ Բուլղարիան, լինելով ԵՄ անդամ, պատրաստակամ է համագործակցել Ռուսաստանի և ԵԱՏՄ հետ: Տարբեր գործընթացների մաս կազմելով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության հետագա զարգացումը կարող է նաև նպաստել ինտեգրացիոն այս միավորների միջև հետագա համագործակցության հաստատմանը:
Երևան-Սոֆիա հարաբերություններում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցության ուղղություններից է տրանսպոտային ոլորտը: Բավական ուշագրավ է Բուլղարիայի նախագահի հայտարարության մեջ տեղ գտած այն շեշտադրումը, որ երկու երկրները պետք է արդյունավետ օգտագործեն «Պարսից ծոց-Սև ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը երկկողմ փոխհարաբերությունների զարգացման գործում»: Ավելին՝ Բուլղարիայի նախագահը հավանությունը է տվել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին՝ կազմակերպել շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում, ինչը կարող է դառնալ բազմակողմ փոխգործակցության բավական հետաքրքիր հարթակ: Սա վկայում է այն մասին, որ երկու երկրներում ոչ միայն կարևորում են Պարսից ծոցը Եվրոպային կապելու հարցում Հայաստանի ու Բուլղարիայի հնարավոր դերակատարումը, այլ ունեն առկա հնարավորություններն իրացնելու հստակ տեսլական:
Կարևոր է նաև այցի ընթացքում Բուրգաս քաղաքում հայ-բուլղարական մեծ գործարար համաժողով կազմակերպելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Նման նախաձեռնությունը թույլ կտա ապահովել երկու երկրներ գործարարեր շրջանակների շարունակական համագործակցությունը: Այս համատեքստում հատուկ ընգծվեց բուլղարացի գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու աճող հետաքրքրությունը, ինչը նախևառաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, Հայաստան-ԵՄ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորություններով:
Հետաքրքրական է նաև այն, որ Հայաստան ժամանած պատվիրակության մեջ կային նաև ներկայացուցիչներ Բուլղարիայի խորհրդարանից, ինչը վկայում է այն մասին, որ բուլղարական կողմը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ: Սա առավել քան կարևոր է այս փուլում, երբ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:
Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում կարևորվել են նաև միջազգային տարբեր հարթակներում երկկողմ համագործակցության ամրապնդման խնդիրը, ստորագրվել երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ թե՛ Հայաստանը և թե՛ Բուլղարիան դրսևորում են բավարար քաղաքական կամք երկկողմ և բազմակողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: