Փետրվարի 16-ից 18-ը տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության հերթական համաժողովը, որի շրջանակներում քննարկումների հիմնական թեման ուժային տարբեր կենտրոնների միջև հակադրությունը և դրանից բխող անվտանգային մարտահրավերներն էին:
«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերն իր խոսքում նշեց, որ համաժողովի շրջանակներում Հայաստանը բոլորի կողմից մատնանշվում է որպես «ֆիլմի» գլխավոր դրական հերոս» և «օրինակելի դերակատար», ինչն ամենևին էլ պատահական չէ: Ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում փաստեց «աշխարհաքաղաքական ներկայիս մրցակցության պայմաններում, Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով»։
Ստորև անդրադառնանք Մյունխենի համաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելույթում և հարցուպատասխանի ժամանակ հնչած կարևոր հիմնական շեշտադրումներին:
Նախագահն ընդգծեց, որ տարբեր խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում գտնվելը ստեղծում է ոչ միայն մարտահրավերներ, այլ նաև հնարավորություններ: Որպես այդ հնարավորությունների իրացմանն ուղղված գործնական քայլ՝ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Սև ծովի և Պարսից ծոցի միջև նոր տարանցիկ միջանցք ստեղծելուն ուղղված Հայաստանի ջանքերին և տարբեր շահառու երկրների հետ բանակցություններին: Ըստ նախագահի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին:
Կարևոր էր ՀՀ կողմից ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ արված շեշտադրումն առ այն, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցերում, Հայաստանն իր գործընկերների հետ միշտ գործել է «բաց և անկեղծ»՝ կողմերին նախապես տեղյակ պահելով իր քայլերի մասին: Առաջնորդվելով այս նույն տրամաբանությամբ՝ նախագահը ևս մեկ անգամ փորձեց իր գործընկերներին հնարավորինս հիմնավոր ներկայացնել ինտեգրացիոն տարբեր գործընթացներից Հայաստանի ունեցած հիմնական ակնկալիքները: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը՝ նա ընդծեց որ «այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը», իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, այն կարևորվեց ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման տեսանկյունից:
Գլոբալ անվտանգության խնդիրների հետ կապված նախագահ Սարգսյանը շեշտեց տարբեր ուժային կենտրոնների դիրքորոշումների համադրման կարևորությունը՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության: Որպես նման փոխգործակցության օրինակ՝ նա նշեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի երեք համանախագահները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ունեն համագործակցության բավական դրական փորձ:
Միևնույն ժամանակ նախագահը հայտարարեց, որ Հայաստանին մտահոգում են Մերձավոր Արևելքում և այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Ըստ նախագահի՝ դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ և անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր և իրատեսական ուղին և Հայաստանը, որը հանդիսանում է տարածաշրջանային անվտանգությունը ապահովող հիմնական դերակատար, դա լավ է գիտակցում:
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացավ որպես երկիր, որն իր գործնական քայլերի միջոցով այսօր էլ աշխարհին շարունակում է ապացուցել, որ անգամ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում փոխշահավետ և ներառական համագործակցությունը հնարավոր է և կարող է լինել արդյունավետ: