Ռեքս Թիլերսոնը վայր կդնի ԱՄՆ պետքարտուղարի իր լիազորությունները մարտի 31-ին՝ դրանք հանձնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արդեն իսկ նշանակված նոր պետքարտուղարին՝ ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-յան գրառումով հայտարարեց նոր պետքարտուղար նշանակելու իր որոշման մասին: Ուշագրավ է, որ այն բանից հետո, երբ Թիլերսոնի տեղակալ Սթիվի Գոլդշթեյնը հայտարարեց, որ պետքարտուղարը չի խոսել նախագահի հետ և ինչպես շատերը, ինքը ևս իր հեռացման որոշման մասին իմացել է Թրամփի Twitter-յան գրառումից, Գոլդշթեյնին ևս հեռացրին աշխատանքից:
Ավելի ուշ, մեկնաբանելով իր որոշման դրդապատճառները, Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում նկատեց. «Մենք տարաձայնություններ ենք ունեցել մի շարք հարցերի շուրջ, օրինակ՝ Իրանի հետ կնքված գործարքի հարցում: Իմ կարծիքով՝ դա սարսափելի գործարք է, մինչդեռ նրա համոզմամբ ամեն ինչ կարգին է: Ես ուզում էի կամ հրաժարվել դրանից, կամ ինչ-որ բան փոխել, մինչդեռ Թիլերսոնը մի փոքր այլ կերպ էր մտածում»,- ԱՄՆ նախագահի հայտարարությունը մեջբերում է Ամերիկայի ձայնը:
Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ Ռեքս Թիլերսոնը նշել էր. «Վաշինգտոնը կարող է չեղարկել այն և հեռանալ կամ մնալ համաձայնագրում ու ստիպել Իրանին հավատարիմ լինել համաձայնագրի դրույթներին և իրեն դրսևորել որպես լավ հարևան»:
Ստորև փորձենք անդրադառնալ Դոնալդ Թրամփի և Ռեքս Թիլերսոնի միջև առկա արտաքին քաղաքականության հարցերի շուրջ հիմնական տարաձայնություններին՝ հիմնվելով նախկինում նրանց կողմից հնչած հայտարարությունների վրա:
ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի դիրքորոշումներում տարաձայնություններ էին նկատվում Ռուսաստանի Դաշնության հանդեպ տարվող ԱՄՆ քաղաքականության հարցում: Անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վարկածներին, այս առնչությամբ ԱՄՆ հետախուզության փաստերին՝ Դոնալդ Թրամփն իր հայտարարություններում հաճախ թերահավատությամբ է վերաբերել դրանց՝ համեմատականներ անցկացնելով ԱՄՆ կողմից Իրաքում զանգվածային ոչնչացման զենք հայտանաբերելու ապացույցների հետ, որոնք իրականում հավաստի չէին և հանգեցրեցին մեծ «խառնաշփոթի»:
Մինչդեռ Թիլերսոնը հարցի վերաբերյալ բազմիցս արտահայտել է լուրջ մտահոգություն՝ նշելով, որ այն լրջորեն վնասել է երկու երկրների հարաբերություններին:
Նախորդ տարի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև բացահայտ հակադարձեց Թիլերսոնի` Հյուսիսային Կորեայի հանդեպ տարվող քաղաքականությանը` իր Twitter-յան գրառումներից մեկում նկատելով. «Ես ասացի Ռեքս Թիլերսոնին՝ մեր հիանալի պետքարտուղարին, որ նա վատնում է իր ժամանակը՝ փորձելով բանակցել Փոքրիկ հրթիռ-մարդու հետ (խմբ. նկատի ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդին): Խնայի′ր քո էներգիան, Ռե՛քս, մենք կանենք այն, ինչ պետք է անել»:
Բացի այդ, անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հանդեպ վարած ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, Թրամփը լրագրողների հետ զրույցում նկատել է. «Ինչպես ասել եմ, նրանց պատասխանը լինելու է կրակի և ուժի գործադրմամբ, որի նման աշխարհը երբևէ չի տեսել»:
Թրամփի այս հայտարարությունը հնչեց Թիլերսոնի կողմից բարձրաձայնած այն կարծիքից հետո, որ անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի հետ հասնել կոնսեսուսի և փորձել բացել երկխոսության հնարավոր դռները:
Թրամփի և Թիլերսոնի միջև հակասություններ են եղել նաև Փարիզի համաձայնագրից ԱՄՆ դուրս գալ նպատակահարմարության հետ կապված: Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը բացահայտ արտահայտեց այդ որոշման վերաբերյալ իր հակառակ դիրորոշումը՝ նկատելով. «Ես ազատ եմ հայտնելու իմ տեսակետները: Ես հակառակ դիրքորոշում ունեմ կայացված որոշման վերաբերյալ»:
Աֆղանստանում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ ևս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են սկզբունքայնորեն տարբերվող դիրքորոշումներ: Մասնավորապես, օգոստոսին ելույթ ունենալով ռազմական անձնակազմի առջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Մեր զորքերը կռվելու են, որպեսզի հաղթեն: Այս պահից հաղթանակն ունենալու է հստակ սահմանում. հարձակվել մեր թշնամիների վրա, պառակտել ԻԼԻՊ-ին, ջախջախել Ալ-Քաիդային, կանխել Թալիբանի կողմից Աֆղանստանի գրավումը և կանգնեցնել ահաբեկչության զանգվածային հարձակումներն Ամերիկայի դեմ:
Թրամփի այս հայտարարությունից հետո, ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնն՝ ի տարբերություն Թրամփի, հանդես եկավ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին՝ մասնավորապես նկատելով. «Դու չես կարող ունենալ մարտադաշտում հաղթանակ: Ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք նստել բանակցային սեղանի շուրջ և գտնել խնդրին վերջ դնելու լուծում»:
Կատարի խնդրի շուրջ ևս Թրամփը և Թիլերսոնը հայտնել են հակասական դիրքորոշումներ: Այն բանից հետո, երբ հունիսին արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ` վերջինիս մեղադրելով ահաբակեչությանն աջակցելու մեջ, Թիլերսոնը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա հույս հայտնեց, որ արաբական երկներին կհաջողվի գտնել երկխոսության եզրեր և որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը չի կարող դրական արդյունք ունենալ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի գործում: Մինչդեռ այս հարցում ԱՄՆ նախագահի՝ Կատարի հանդեպ որդեգրած դիրքորոշումն ավելի մեղադրական էր: Իր Twitter-յան գրառումներից մեկում նա նշել է. «Մերձավոր Արևելք իմ վերջին այցի ժամանակ ես նկատեցի, որ ծայրահեղական գաղափարախոսությունը չի կարող այլևս ֆինանսավորվել: Առաջորդները մատնացույց արեցին Կատարին, նայե′ք»:
Թիլերսոնը նաև դեմ է հանդես եկել Թրամփի որոշմանը՝ տեղափոխել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ՝ նշելով, որ այն կարող է սպառնալ Իսրայելում ԱՄՆ դիվանագետների անվտանգությանը, վնասել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու ԱՄՆ ջանքերին, ինչպես նաև արժանանալ Եվրոպայում և արաբական աշխարհում ԱՄՆ դաշնակիցների դժգոհությանը:
Դատելով Թրամփի և Թիլերսոնի միջև արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ առկա հակասություններից՝ կարող ենք կանխատեսել, որ Թիլերսոնի հեռացմամբ ԱՄՆ-ն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի վերոնշյալ արտաքին քաղաքական ուղղություններում: Նման զարգացման բարձր հավանականության օգտին են վկայում նաև նորանշանակ պետքարտուղարի՝ Մայք Պոմպեոյի արտաքին քաղաքական տարբեր ուղղությունների վերաբերյալ առ այսօր հայտնած դիրքորոշումները, ով ԱՄՆ մամուլի կողմից արդեն իսկ հասցրել է որակվել՝ որպես ԱՄՆ ամենապահպանողական պետաքարտուղար: