Բավական հետաքրքիր հարց է, թե ինչու հենց երեկ՝ Մոսկվայան հանդիպումից անմիջապես հետո և Նիկոլ Փաշինյանի հոդվածի հրապարակումից 9 օր անց ՌԴ ԱԳՆ-ն՝ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահողի միջոցով որոշեց արձագանքել Փաշինյանի կողմից տարածվող հերթական կեղծիքին:
Իսկզբանե բնական էր, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնելու Փաշինյանի՝ արդարանալու նպատակով արվող հերթական սուտ հայտարարությունները, որոնք այս անգամ ուղղակիորեն առնչվում էին Ռուսաստանին և իրենց մեջ նաև տողատակերում թաքնված մեղադրանք էին պարունակում: ՌԴ-ն ուղիղ տեքստով փաստացի հայտարարեց, որ Փաշինյանը ոչ միայն ստում է Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկի մասին, այլև ինքն է մեղավոր բանակցային գործընթացի տապալման, հետևաբար, նաև պատերազմի սանձազերծման համար:
Այն, որ Փաշինյանն այսօր դարձել է Ալիևի կամակատարն ու համաձայնում է ցանկացած պահանջի, որ առաջադրվում է իրեն Բաքվից, ամենևին երկխոսության համար անհրաժեշտ վերաբերմունք կամ որևէ հարգանք չի ձևավորում Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ:
ՌԴ-ն այսօր բավարարված է տարածաշրջանում իր դերակատարության մեծացումից և այն հանգամանքից, որ իրեն հաջողվում է առաջ տանել Արցախյան հակամարտության կայունացման գործընթացը: Սակայն, դա որևէ կերպ չի ազդում Փաշինյանի և Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ ՌԴ վերաբերմունքի վրա:
Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումը դրա հերթական դրսևորումն էր: Առաջին իսկ հայացքից ակնհայտ էր Պուտինի վերաբերմունքի և բառակազմի, հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելու տոնայնության և նույնիսկ ծավալի տարբերությունը: Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը բավարարվեց արձանագրումով, որ «մեր հարաբերություններն, անշուշտ, եղել են, շարունակում են լինել և լինելու են դաշնակցային՝ բոլոր իմաստներով, մենք սերտ գործընկերներ ենք միջազգային շատ կազմակերպություններում»:
Ուշադրություն դարձնենք երկու ձևակերպման վրա: Նախ՝ «եղել են, շարունակում են լինելու և լինելու են»: Սրանով ՌԴ նախագահը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունների բնույթը կախված չէ իշխանություններից և դրանց դաշնակցային բնույթը ոչ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումն է, ոչ էլ կարող է խաթարվել Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ երկրորդ դիտարկումն այն է, որ ՌԴ կողմից հերթական անգամ չի հիշատակցվում այդ հարաբերությունների ռազմավարական բնույթը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանին նման քայլի՝ Փաշինյանին պատասխանելու, դրդեց մի քանի հանգամանք՝
- Արցախյան պատերազմի հետևանքների համար անուղղակիորեն ՌԴ-ին մեղադրելը՝ ստացած ժառանգության, ռուսական առաջարկի մասին կեղծ հայտարարություններով,
- Մոսկվայի հանդիպման արդյունքներից Պուտինի ներկայությամբ հրապարակային դժգոհություն հայտնելն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրներին ներգրավվելու անհրաժեշտության ընդգծումը,
- Իշխանամերձ շրջանակների կողմից հայ հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների սերմանումը և այլն:
Այս ամենի արդյունքում պաշտոնական Մոսկվան որոշել է այլևս չհանդուրժել Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերություններին ակնհայտ վնաս հասցնող պահվածքն ու իրականությունը ներկայացնել հայ ժողովրդին, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները եղել են, շարունակում են լինել և լինելու են դաշնակցային բոլոր ոլորտներում: Իսկ պատասխանի համար ընտրված պահը կարող է բացատրվել նաև Մոսկովյան հանդիպմանը լրացուցիչ նեգատիվ ֆոն չհաղորդելու ցանկությամբ, ինչպես նաև Մոսկվայում Փաշինյանից սպառիչ պատասխաններ չստանալու հանգամանքով: