Ռուսական առաջարկի հետ կապված ՀՀ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ քննարկումների համար որպես նախապայման հայտարարում էին Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը: Հայաստանի գործող իշխանությունը խուսափում էր խոսել սահմանազատման և սահմանագծման իրականացման մասին, նույնիսկ հայտարարվում էր, որ առանց դիվանագիտական հարաբերությունների դա հնարավոր չէ: Սակայն, ինչպես պարզ է դառնում այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից, կողմերը դրա վերաբերյալ արդեն փաստաթուղթ են համաձայնեցնում:
Փաշինյանի համար նախընտրական շրջանում բնավ ձեռնտու չէր այս գործընթացի մասին բարձրաձայնելը, և ըստ էության այդ թվում նաև դրանով էր պայմանավորված, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների առարկան «ամենաթափանցիկ» իշխանությունները գաղտնի էր պահում հանրությունից և ստիպված եղավ խոստովանել միայն փաստաթղթի որոշ հատվածների համացանցում հայտնվելուց հետո:
Նույնիսկ եթե մինչև ընտրություններ հնարավոր լինի քողարկել այդ գործընթացի տրամաբանությունը և սպասվող արդյունքները, այն էապես կազդի Փաշինյանի վարկանիշի վրա, քանի որ վերջին ամիսների զարգացումները ցույց են տվել, որ գործող իշխանությունը չունի ցանկություն, կամք և հնարավորություն պաշտպանելու Հայաստանի շահերը: Սրանով է պայմանավորված նաև այս հարցում Ադրբեջանի շտապողականությունը: