Վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը նկատելիորեն թուլացել է, ավելին Անկարան փորձում է հանդես գալ կառուցողական դիրքերից: Ուշագրավ է, որ Անկարայի հռետորաբանության փոփոխությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին:
Անկարայի հրաժարվելը Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին անվերապահ աջակցության հռետորաբանությունից, Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելուց պայմանավորված է մի շարք գործոններով:
Հունիսի 14-ին նախատեսվում է Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպումը, որին էրդողանը մեծ կարևորություն է տալիս: Հանդիպումը որոշիչ է լինելու թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, որոնք այսօր բավականին լուրջ ճգնաժամ են ապրում: Թուրքիան այս հանդիպմանն ընդառաջ փորձում է հարևան տարածաշրջաններում փոխել իր ապակառուցողական ձեռագիրը կամ առնվազն դրա իմիտացիա ստեղծել: Այս համատեքստում Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը բացառություն չեն:
Սակայն Անկարայի հռետորաբանության փոփոխությունը միայն ամերիկյան կողմին սիրաշահելու նպատակ չի հետապնդում:
Չնայած բոլոր գործոններին՝ պետք է հստակ արձանագրենք, որ փոփոխությունը ոչ թե Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության, այլ ուղղակի հռետորաբանության մեջ, այն էլ վստահաբար ժամանակավորապես: Թուրքիան հողի վրա շարունակում է Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, որի մասին է վկայում այդ թվում նաև թուրք-ադրբեջանական բավականին ակտիվ երկկողմ օրակարգը: