ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային քրեական դատարան. ՏԵՂԵԿԱՆՔ

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) քրեական արդարադատություն իրականացնող առաջին մշտական միջազգային մարմինն է, որի իրավասության մեջ են մտնում մարդկության պատմությանը հայտնի ամենադաժան և ծանր հանցագործությունները` ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի հանցագործությունը։ ՄՔԴ-ն կարևորագույն միջոց է միջազգային ծանր հանցագործություններ կատարած անձանց դատապարտելու և անպատժելիության մթնոլորտը վերացնելու գործում։

Միջազգային քրեական դատարանը հիմնվել է 1998-ին ընդունված Հռոմի ստատուտի հիման վրա, որն ուժի մեջ է մտել 2002-ի հուլիսի 1-ից։  Հռոմի ստատուտը վավերացրած պետությունները 123-ն են, որոնցից 33-ը՝ աֆրիկյան, 19-ը՝ ասիա-խաղաղօվկիանոսյան, 18-ը՝ արևելաեվրոպական, 28-ը՝ լատինամերիկյան, 25-ը՝ արևմտաեվրոպական։

Միջազգային քրեական դատարանի ստեղծումը 20-րդ դարում անհրաժեշտություն էր դարձել։ Դրա ստեղծման գործում կարևոր դեր ունեցան Նյուրնբերգի, Տոկիոյի, Հարավսլավիայի և Ռուանդայի ad hoc դատարանները, որոնք կարևոր էին նաև առաջին անգամ ֆիզիկական անձանց միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից։

Միջազգային քրեական դատարանը գտնվում է Հաագայում, սակայն դատարանի ցանկությամբ նիստերը կարող են անցկացվել այլ տեղերում ևս։ Միջազգային քրեական դատարանը կազմված է 18 դատավորներից, որոնք 9 տարով ընտրվում են դատարանի անդամ պետությունների վեհաժողովներում, ընդ որում, տարածաշրջանային խմբերից յուրաքանչյուրը պետք է ներկայացված լինի առնվազն 2 դատավորներով։ Դատավորի պաշտոնի թեկնածուները պետք է ստանան առավելագույն ձայներ և քվեարկությանը մասնակից պետությունների ձայների 2/3-ը։ Դատարանի կազմում միաժամանակ չեն կարող ընդգրկվել նույն պետությունը ներկայացնող երկու անձինք։ Դատավորների ընտրության ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առկա չափորոշիչների պահպանմանը՝ աշխարհի հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչություն, աշխարհագրական համամասնական ներկայացուցչություն, կին-տղամարդ դատավորների հավասար ներկայացուցչությունը։

Դատարանի կազմի մեջ է մտնում նաև նախագահությունը՝ կազմված նախագահից, առաջին և երկրորդ փոխնախագահներից, քարտուղարությունը, դատախազի գրասենյակը, բաժանմունքները և պալատները։ Կարևոր է նշել, որ դատախազի գրասենյակը ՄՔԴ-ի անկախ մարմին է, որը լիազորված է հանցագործության համար պատասխանատու անձանց քրեական հետապնդում իրականացնել և նրանց մեղադրանքներ ներկայացնել։ Գրասենյակը գլխավորում է գլխավոր դատախազը։ Դատախազության անկախությունը պայմանավորված է նրանով, որ դատախազը և նրա տեղակալները նշանակվում են ոչ թե դատարանի կողմից, այլ ընտրվում են մասնակից պետությունների վեհաժողովներում դատավորների հետ հավասար, չեն կարող կրկին վերընտրվել և չպետք է ներկայացնեն մեկ պետություն։

Միջազգային քրեական դատարանը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքար իրականացնող կարևոր կառույց է։ Այն անկախ է․ մասնակից պետությունները չեն կարող միջամտել դատարանի դատական գործառույթներին։ Միաժամանակ, դատարանը ոչ թե փոխարինում, այլ լրացնում է քրեական արդարադատության ազգային համակարգը։ Այն պետություններին թողնում է միջազգային հանցագործությունների հետաքննության և մեղադրանքների առաջադրման առաջնային պատասխանատվություն։

Հայաստանը ՄՔԴ Կանոնադրությունը ստորագրել է 1999թ. հոկտեմբերի 1-ին, սակայն առ այսօր այն չի վավերացրել։ 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը հակասող:  

2022-ի դեկտեմբերից ՀՀ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել՝ պայմանավորելով այն, այդ թվում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: